Վարչական վարույթը վարչական մարմնի գործունեությունն է, որն ուղղված է վարչական ակտ ընդունելուն:
Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Օրինակ, վարչական ակտ է ՃՈ կողմից կայացված որոշումը՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանք նշանակելու մասին:
Վարչական վարույթն իրականացվում է միմյանց փոխկապակցված երեք փուլերով` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերով:
«Վարչական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ է անձի (անձանց) դիմումը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը (հարուցման փուլ): Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված` օրենքով նախատեսված գործառույթները, որն էլ իրենից ներկայացնում է ընթացիկ փուլը», -Իրավաբան.նեթ-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
Անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետևանքները վերացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:
Աղբյուրը` Իրավաբան.net