Կրկին անգամ ՃՈ հերթական տեսուչը «խառնել» էր օրենքի հոդվածները

Լևոն Ավետյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 28.03.2012թ. թիվ ԱԳ 896819 արձանագրությունը և դրա հիման վրա 28.03.2012թ. թիվ ԱԳ 896819 կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումով հայցվորը նշել է, որ 28.03.2012թ-ին ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչ Վ. Պետրոսյանը Խորենացու փողոցում կանգնեցրել է իրեն պատկանող «Մերկուրի» մակնիշի ավտոմոբիլը՝ չգործող, ժամկետանց ԱՊՊԱ կտրոնով վարելու համար, տուգանել է 150 000 դրամի չափի գումարով, կազմել է թիվ ԱԳ թիվ 896819 արձանագրությունը և դրա հիման վրա կայացրել է որոշում։
Համապատասխան հոդված է նշվել վարչական իրավախախտումների արձանագրության մեջ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1 հոդվածի 2-րդ մասով։

Հայցվորի խոսքով` ըստ էության իր կողմից կատարած վարչական իրավախախտումը պատասխանատվության է նախատեսում 10 000 դրամ տուգանքի չափով, այնինչ պատասխանողը իր կողմից կատարած իրավախախտմանը տվել է այլ որակում և տուգանք է նշանակել 150 000 դրամ գումարի չափով, նույն օրը ինքը դիմում է ներկայացրել պատասխանող ՃՈ ՃՊԾ-ին, սակայն իրեն 05.04.2012թ.-ին տրված պատասխանով մերժել են իր կողմից ներայացրած դիմումը։

Պատասխանողը համապատասխան որոշումը կայացնելիս խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 254-258 հոդվածների պահանջները, քանի որ կայացված ԱԳ 896819 որոշումից պարզ չէ, թե այն իրենից ներկայացնում է արձանագրություն, թե որոշում։

Դատարանը վճռեց հայցը մերժել:

Սույն գործով վերաքննիչ բողոքի շրջանակներում, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի եզրակացմամբ` այն դեպքում, երբ անձը թեև տրանսպորտային միջոցը վարում է սահմանված տեղում փակցված և չգործող ԱՊՊԱ կտրոնով, սակայն վերջինս ունի նաև տրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար նաև` լրացված ԱՊՊԱ կտրոն, ապա նա չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մաս), այլ այդ դեպքում կարող է վարչական պատասխանատվություն առաջանալ միայն ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում չփակցնելու հատկանիշներով (նույն հոդվածի 1-ին մաս)։

Սույն գործում առկա ապացույցներով միանշանակ հաստատվել է այն փաստական հանգամանքը, որ Լևոն Ավետյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել տրանսպորտային միջոցը չգործող ԱՊՊԱ կտրոնով վարելու համար, մինչդեռ իրականում վերջինս ունեցել է տրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր, հետևաբար նաև` լրացված ԱՊՊԱ կտնոր, որն ուղղակի սահմանված տեղում փակցված չի եղել։

Ուստի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը բավարարել` բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 27.06.2012 թվականի վճիռը և այն փոփոխել` Լևոն Ավետյանի հայցը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 28.03.2012 թվականի թիվ ԱԳ 896819 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, բավարարել` անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 28.03.2012 թվականի թիվ ԱԳ 896819 որոշումը։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել