Ի՞նչ իրավունքներ ունի հասարակական կազմակերպությունը

Ինչպես գիտենք, հասարակական կազմակերպությունները ստեղծվում են ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց միավորման արդյունքում` իրենց ոչ կրոնական հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:

Նշված նպատակներն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունը պետք է ունենա բավարար իրավունքներ:

Այսպես, օրենքի համաձայն` հասարակական կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
2) կազմակերպել և անցկացնել հավաքներ.
3) օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում.
4) համագործակցել ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.
5) իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ.
6) ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին:

Օրենքով կարող են նախատեսվել կազմակերպության նաև այլ իրավունքներ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել