Եթե ռազմական գործողությունները դադարեցվելու որոշում չկայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը ռազմական գործողությունների դադարեցման արդյունքի չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել։
Այս մասին ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օրինակ, մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, երբ ԶՈՒ զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչները փակում են զորամասի դռները, շրջափակում են մեքենաները և թույլ չեն տալիս, որ մեքենաները դուրս գան զորամասից։ Ես չեմ հաշվել, բայց ունեցել ենք այսպիսի՝ տասնյակին մոտիկ դեպքեր։ Այսպիսի դեպքերի արդյունքում մենք ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։ Իհարկե, շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում միջամտության հնարավորություն չի եղել։ Նույն պատճառով ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, և դրա պատճառով հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ լուրջ և ծանր հետեւանքների։
Հաջորդ խնդիրը մեր զորահավաքային համակարգի պրոբլեմն է։ Զորահավաքային համակարգը ինչպես է կառուցված․ կա պրոֆեսիոնալ բանակ՝ գործող բանակ, և անհրաժեշտության դեպքում իրականացվում է զորահավաք՝ մոբռեսուրս։ Վերջիններս այն մարդիկ են, որոնք քաղաքացիական կյանքից զորահավաքով զորակոչվում են բանակ և միանում են ԶՈՒ-ին՝ խնդիրներ իրականացնելու համար։ Եվ փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չեն լիարժեք մասնակցելու ռազմական գործողությունների, նրանք արագ կորցնում են մարտունակությունը, ինչը խնդիրներ է առաջացնում։
Նույնը վերաբերում է նաեւ կամավորականների որոշակի շերտի, որոնք քաղաքացիական կյանքից կամավոր եկել են, բայց ինչ-որ պահի նրանց մոտ մարտունակության խնդիրներ են առաջացել։ Սա չի նշանակում, որ մոբռեսուրսով եւ կամավորներով ներգրավված բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք մոբռեսուրսից էլ, կամավորականներից էլ ունեցել ենք մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, այս ոլորտում ունեցել ենք խնդիր, բախվել ենք նաեւ դասալքության պրոբլեմի հետ, որը, ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չի եղել լուծել»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ երբ ներգրավված ամբողջ ռեսուրսը արդյունավետ չի եղել, դրա արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել, որ լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել․ «Ըստ էության, այն մարդիկ, որոնք լավ կռվում են, ինչ-որ պահի պիտի հանգստանալու հնարավորություն ունենան, որպեսզի վերականգնվեն, վերադառնան շարք։ Բայց վերոնշյալ պրոբլեմների արդյունքում եղել են մարդիկ, որոնց փոխարինող շուրջ մեկ ամիս հնարավոր չի եղել գտնել»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր է ձևակերպել, որ պետք է րոպե առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։
Մանրամասները՝ տեսանյութում