Ներկայացվել են առողջապահության ոլորտում ռազմավարական գործողությունների կատարման ընթացքը

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ավարտին են մոտենում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման Գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ վերջին ամփոփ տեղեկատվական նյութը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից ազգային ռազմավարության Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին։

Ազգային ռազմավարության Գործողությունների ծրագրի Գործողություն 7-ով նախատեսվում է 2020-2022թթ․ ընթացքում բուժաշխատողների 5%-ի շրջանում իրականացնել վերապատրաստումներ ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներով՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում 2020թ.-ի ընթացքում կատարելագործվել է 40 ավագ ու միջին բուժաշխատող (ընտանեկան բժիշկներ, բուժքույրեր, թերապևտներ), որոնց կատարելագործման կրթական ծրագրերում ներառված են եղել ընտանեկան ու կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հանրային առողջապահության կազմակերպման ու կառավարման ամբիոնի կողմից մշակվել է բուժաշխատողների համար նախատեսված կատարելագործման ծրագիր, որում ներառված են մարդու սահմանադրական իրավունքների ու ազատությունների, կանանց ու երեխաների իրավական վիճակի, բռնության ենթարկված կանանց ու երեխաների բժշկական օգնության ու սպասարկման առանձնահատկությունների ՀՀ օրենսդրությանը առնչվող կրթական նյութեր, ինչպես նաև ընտանիքում բռնության կանխարգելման իրավական մեխանիզմները։ Համաձայն Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ շուրջ 6% բուժաշխատողների (ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր) կատարելագործման ծրագրում ներառված են եղել ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներ:

Գործողություն 26-ով վերապատրաստումներ են նախատեսված խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով հոգեբուժական հաստատությունների աշխատակիցների 15%-ի շրջանում։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հոգեբուժության ամբիոնի կողմից մշակվել է բուժաշխատողների համար նախատեսված «Բռնության ազդեցությունը հոգեկան առողջության վրա» թեմայով կատարելագործման ծրագիր: ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հոգեբուժության ամբիոնում կատարելագործվել են 35 ավագ ու միջին բուժաշխատողներ ՀՀ տարբեր բուժհաստատություններից (7.8%): ՀՀ ԱՆ «Ակադեմկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում շուրջ 90 ընտանեկան բժիշկներ (14.5 %) մասնակցել են նաև «Հոգեբուժությունը ընտանեկան բժիշկների և թերապևտների համար» դասընթացին: Համանման ձևով համաձայն Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության բուժաշխատողների 8%-ի (ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր) կատարելագործման դասընթացներում ներառված են եղել իրավահավասարության և խտրականության արգելքի թեմաներ։

Գործողություն 55-ով նախատեսվում է իրականացնել վերապատրաստումներ գործող բժշկական հաստատությունների բուժաշխատողների 5%-ի շրջանում՝ հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման առանձնահատկությունների թեմայով։ Համաձայն Արդարադատության նախարարության կողմից տրամադրված մոնիթորինգային զեկույցի՝ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի հանրային առողջապահության կազմակերպման և կառավարման ամբիոնի կողմից մշակվել է բուժաշխատողների համար նախատեսված կատարելագործման կրթական ծրագիր, որում ներառված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, բժշկական օգնության ու սպասարկման, դեղորայքի ձեռք բերման իրավական հիմքերն ու բժիշկ-հաշմանդամություն ունեցող անձ փոխհարաբերությունների բժշկա-իրավական ու բիոէթիկական կարգավորումները։ Հաշմանդամության ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացները պարտադիր ներառված են ընտանեկան բժիշկների դասընթացների մոդուլներում, որի շրջանակում վերապատրաստվել են 90 ընտանեկան բժիշկներ: Այսպիսով, վերապատրաստումների տոկոսը 2020թ. առաջին կիսամյակում կազմել է 14.5%:

2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում նախատեսվում է ավելացնել նաև երեխաներին հոգեբուժական և վերականգնողական ծառայություններ մատուցող հաստատությունների քանակը մեկով։ Համաձայն Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության «Վորլդ Վիժն Հայաստան»  զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ իրականացվում են  Ճամբարակի վերականգնողական կենտրոնի վերանորոգման և կահավորման աշխատանքները, ավարտվել են մասնագետների ընտրության և մասնագետների կարողությունների զարգացման միջոցառումները, ինչպես նաև Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ ավարտվել են Սևանի վերականգնողական կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները, կենտրոնի հագեցվածությունը սարքերով և կահույքով, ինչպես նաև աշխատակազմի հավաքագրումը: Աշխատակազմի վերապատրաստումները սկսվել են սույն թվականի օգոստոսի 20-ից, ավարտը նախատեսվում է նոյեմբերի 20-ին: Իսկ պետության կողմից երաշխավորվող բժշկական ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման համար թվով 184 պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փակցվել են իրազեկման պաստառներ:

Գործողություն 86-ով նախատեսվում է բարելավել հանրակրթական և նախակրթական ուսումնական, ինչպես նաև երեխայի խնամքի և պաշտպանության հաստատություններում սանիտարական պայմանները։ Համաձայն Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ Առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը՝ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների վերաբերյալ, որի հիման վրա Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի 12-Ն հրամանով հաստատվել է «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, և ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի փետրվարի 11-ի «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2. սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 82 հրամանը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել