Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները, կամովին չկատարվելու դեպքում, ապա ենթակա են հարկադիր կատարման:
Հարկադիր կատարողը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցում է կատարողական վարույթ և դրա շրջանակներում իրականացնում համապատասխան գործողություններ:
«Կարևոր է իմանալ, որ կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`
1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է.
3) դա նախատեսված է կատարողական թերթով:
Կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:
Աղբյուրը՝ Իրավաբան.net