Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ Թուրքիայի տարածքով տարվել են Ղարաբաղի հակամարտության գոտի․ Մակրոն

Ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Այնթապով տարվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանն էլ ունի այդ տեղեկատվությունը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Կարող եմ ասել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք նախկինում դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Այնթապով տեղափոխվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի (մասնակցելու Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին, որին աջակցում է Թուրքիան – նշում է ՏԱՍՍ-ը): Դա հաստատված է, այդ մարդկանց նույնականացնում և հետևում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված Ռուսաստանում) ահաբեկչական կազմակերպության հետ: Ես դա քննարկել եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները », – ասել է Մակրոնը:

«Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ պետությանը, մենք այդպիսի գործողությունները միանգամայն անընդունելի ենք համարում: Այս դեպքում կարմիր գիծն արդեն հատվել է», – շեշտել է նա:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում կձեռնարկեն մի շարք նախաձեռնություններ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Մենք աշխատանքային սերտ շփման մեջ ենք», – ասել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել