Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս…

«Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց…»: Նշվածը մի հատված է Հիպոկրատի երդման տեքստից, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ:

Այս երդումը տված անձինք պարտավոր են օգնություն ցուցաբերել յուրաքանչյուրին` ով ունի դրա կարիքը:

Նույն սկզբունքն է ընկած նաև « Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի հիմքում:

Այսպես, համաձայն նշված օրենքի 4-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար կամ արտոնյալ պայմաններով` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել