Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր` ժամը 11։00-ին, սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին:
Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունից:
Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել, չնայած այն հանդամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փոստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին:
Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար: