Նունե Սարգսյանը փոքրիկ ընթերցողների հետ հեռավար քննարկել է իր «Կախարդական կոճակներ» գիրքը

«Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է վեբինարների շարք Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում երեխաների հետ անմիջական զրույց է ծավալվում տիկին Սարգսյանի հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ:

Այդ շրջանակում տիկին Նունե Սարգսյանը երեխաների հետ քննարկել է իր հեղինակած «Կախարդական կոճակներ» գիրքը: Քննարկման ընթացքում նա նաև պատասխանել է 5-10 տարեկան ընթերցողների հարցերին:

«Կախարդական կոճակներ»-ը 2005 թվականին Երևանում լույս տեսած «Սադափ․ հեքիաթ, որն իսկապես կատարվեց» գրքի երկրորդ հրատարակությունն է։ Այն հեքիաթ է տասնամյա աղջնակ Սադափ Դարզիի մասին, ով ցանկանում է աշխարհը փրկել խնդիրներից։

Քննարկմանը մասնակից երեխաները նախ ներկայացրել են իրենց մտքերը բարու և չարի պայքարի մասին, ապա դրվագներ պատմել գրքից: Վեբինարի նպատակն է եղել խրախուսել երեխաներին՝ անկաշկանդ արտահայտել իրենց մտքերը, սովորել տրամաբանել, աշխատել թիմում և տարբերել չարն ու բարին՝ ըստ իրենց տարիքային պատկերացումների:

Պատասխանելով փոքրիկների հարցերին՝ տիկին Նունե Սարգսյանն ընդգծել է, որ պետք է լավ ընկերներ ունենալ, մարդկանց հանդեպ լինել բարի ու հոգատար, ձգտել նրանց օգնել: Նա տեղեկացրել է, որ գիրքն ունենալու է շարունակություն, իսկ առաջիկա օրերին հրատարակվելու է իր մեկ այլ ստեղծագործություն՝ «Մրջնակերներ» վերնագրով:

Տիկին Սարգսյանը չափազանց տպավորվել է ինչպես երեխաների արձագանքներից, այնպես էլ գրքի հերոսների կերպարների նմանությամբ նրանց ստեղծած աշխատանքներից՝ պլատիլինից պատրաստված տիկնիկներ ու կոճակներ, նկարներ:

Նշելով, որ գրքում նկարագրված դեպքերը կարծես համընկնում են այսօրվա համավարակի հետ՝ տիկին Սարգսյանը հորդորել է երեխաներին ավելի ուշադիր ու զգույշ լինել և պաշտպանել հիգիենայի կանոնները:

Պատասխանելով իր գրքում նկարագրված՝ Մաքուր քաղաքին վերաբերող հարցին՝ նա մասնավորապես նշել է. «Ես երազում եմ, որ գա այն օրը, երբ մեր Երևանը կդառնա այնքան մաքուր, որքան Մաքուր քաղաքը: Մաքուր պահենք մեր տունը, մեր շքամուտքը, մեր բակը, մեր փողոցը»:

Ակնկալելով, որ նման հանդիպումները շարունակական կլինեն՝ տիկին Նունե Սարգսյանը երեխաներին ուրախ ու առողջ ամառ է մաղթել և կոչ արել շատ գրքեր կարդալ: «Երբեք մի հուսահատվեք դժվարին իրավիճակներում, որովհետև դուք ուժեղ և խելացի հայ երեխաներ եք»,- ասել է Նունե Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել