ՃՈ-ի հերթական անհեթեթ ակտը

Հ.Ալեքսանյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ ակտով փոխարինելու պահանջների մասին։

2012թ. մարտի 31-ին ճանապարհային ոստիկանության տեսուչները Մաշտոցի պողոտայում, երբ Հ.Ալեքսանյանը վարել է Մերսեդես բենց մակնիշի ավտոմեքենան, առանց որևիցե խախտում կատարելու կանգնեցրել են։ Տեսուչի պահանջով ինքը ներկայացրել է իր վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխանձնագիրը, որից հետո պահանջվել է մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը և ԱՊՊԱ կտրոնը (կնքված 26.12.2011թ., 1 տարի ժամկետով), վերջինս փակցված չի եղել սահմանված տեղում։ Քիչ հետո տեսուչները կազմել են որոշում, այն է՝ տուգանք 150000 դրամ՝ վկայակոչելով ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 1291 հոդվածի 2-րդ մասը. «Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով։»։

Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվությունը վրա է հասնում առանց ԱՊՊԱ կտրոնը սահմանված տեղում փակցնելու տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն՝ նշված հոդվածի առաջին մասով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում կտրոնը սահմանված տեղում փակցված լինելու հանգամանքի պարզումը։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.1-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ի թիվս այլոց, նաև չգործող ԱՊՊԱ կտրոնով տրանսպորտային միջոց վարելու համար, այսինքն, դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում իրավական նշանակություն չունի կտրոնի փակցված լինելու կամ չլինելու հարցը, այլ իրավական նշանակություն ունի կտրոնի առկայությունը։

Դատարանի եզրահանգմամբ՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 31.03.2012 թվականի թիվ ԱԳ 925118 որոշումն ընդունվել է օրենքի սխալ կիրառման և սխալ մեկնաբանման հետևանքով, ուստի այն ենթակա է վերացման։

Ուստի դատարանը վճռեց Հրայր Ալեքսանյանի հայցը բավարարել մասնակի։ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 31.03.2012 թվականի թիվ ԱԳ 925118 որոշումը ճանաչել անվավեր, իսկ վարչական ակտը բարենպաստ ակտով փոխարինելու պահանջի մասին, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել