ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել ու ստացվել նաև ՀՀ Կադաստրի և ՀՀ պետական գույքի կոմիտեներից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ Սյունիքի մարզպետարանից:
Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Արդյունքում պարզվել է, որն 2007թ․ հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը N ՍՊԸ-ին վարձակալության է հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող 7530 քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքը՝ 300․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և 2008թ․ հունվարի 1-ից մինչև 2008թ․ դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով: Նաև վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության գրավի, ենթավարձակալության պայմանագրեր չկնքելու և գործարքների մեջ չմտնելու պարտականություն։
Պարզվել է, սակայն, որ վարձակալ ՍՊԸ-ն 2007թ․ նոյեմբերի 16-ին կապի հայաստանյան օպերատոր ընկերության հետ կնքել է նշված հասցեում գտնվող 100 քմ․ մակերեսով ազատ հողատարածքը 50․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով և մինչև 2027թ. նոյեմբերի 16-ը գործողության ժամկետով ենթավարձակալության պայմանագիր՝ այնտեղ բջջային կայանի տեղակայման և շահագործման նպատակով: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 656-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շենքի կամ շինության վարձակալության ժամկետով վարձակալին է անցնում հողամասի միայն այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար: Այսինքն տվյալ դեպքում վարձակալ ընկերությունը շինության չզբաղեցված պետական սեփականության հողամասը ենթավարձակալության հանձնելու պայմանագիր է կնքել՝ չունենալով դրա իրավունքը։
Ընդ որում, ենթավարձակալության համար սահմանվել է վարձակալության պայմանագրի ուժի մեջ մտնելուց ավելի վաղ, իսկ գործողության համար ավելի երկար ժամկետ: Մասնավորապես, ենթավարձակալության պայմանագիրն ուժի մեջ է մտել Վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելուց՝ 2008թ․ հունվարի 1-ից 20 օր առաջ, իսկ ենթավարձակալությամբ սահմանված գործողության ժամկետը (մինչև 16․11․2027թ․) գրեթե 19 տարով գերազանցել է Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով։
Փաստորեն, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարութան, վերջինիս իրավահաջորդներ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարութան պաշտոնատար անձանց կողմից 2007թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները որպես վարձատու չկատարելու արդյունքում պետության համար առաջացել են ծանր հետևանքներ, իսկ ընկերության ծառայողները 2007թ․ մինչ օրս խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ապօրինի կերպով շուրջ 12 տարի տիրապետել և օգտագործել են պետության սեփականություն հանդիսացող հողամասը և դրա դիմաց ստացել շուրջ 7,200,000 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով նույնքան դրամի առանձնասպես խոշոր չափի վնաս։
Բացի այդ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք անտեսել են, որ ընկերությունը վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը գերազանցող և դրա առարկայի ծավալից դուրս գտնվող գույքի նկատմամբ ենթավարձակալության պայմանագիր կնքելու իրավասություն չի ունեցել և նման գործարքից բխող իրավունքների պետական գրանցումը մերժելու փոխարեն գրանցել են ենթավարձակալության պայմանագրից բխող իրավունքները։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ընկերության ծառայողների կողմից խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնասպես խոշոր չափի վնաս պատճառելու առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: