«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պարզաբանում է տարածել, որում նշվում է․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք Ձեզ քիչ առաջ լայն տարածում գտած դեպքի վերաբերյալ։
Ի գիտություն.
Արմեդ ծրագիրը, որի միջոցով է փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։
Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը ցավոք սրտի Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։
Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։
Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասնա Ծռեր համահայկական շարժումն ուղեգիր էր հրապարակել իր ֆեյսբուքի էջում եւ հայտարարել․
««Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանից ժամանած արցախաբնակ ՀՀ քաղաքացուն ուղեգրել է մեկուսանալու Շուշիի հիվանդանոցում՝ ուղեգրի վրա նշելով. «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք»։
ՀՀ կառավարությունը պարտավոր է պաշտոնապես պարզաբանել այս դավաճանական գործողությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե կառավարությունը նշված քայլերը չկատարի, ապա կստանձնի դավաճանության պատասխանատվությունը»: