Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 4-ին հանդես գալիս բրիֆինգով, որին մասնակցում են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը:
Վարչապետը իր ելույթում նշեց, որ արդեն երկու օր է՝ գործարկվել է հակահամաճարակային կանոնների պահպանման հանրային վերահսկողության հարթակը, որը տալիս է պատկերացում, թե ինչու է տեղի ունենում այս ամենը․ «Պատասխանը պարզ և միանշանակ է՝ հակահամաճարակային կանոնների համատարած ու զանգվածային չպահպանումը: Արդեն այդպիսի հազարավոր դեպքեր են հրապարակվել սոցիալական ցանցերում: Բայց ես ուզում եմ սրա հետ կապված մի մտահոգիչ միտման մասին խոսել: Մասնավորապես, դա առիթ է դառնում ատելության խոսքի, քննադատության խոսքի այն քաղաքացիների նկատմամբ, ում հակահամաճարակային կանոնները չպահպանելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվում: Սա անընդունելի է, չի կարելի նման վերաբերմունք արտահայտել մեր հայրենակիցների նկատմամբ, որովհետև այս պատմությունը միայն նրանց մասին չէ, մեր բոլորի մասին է: Ես ինքս էլ վարակվել եմ, հետևաբար, ես էլ ինչ-որ մի բան այնպես չեմ արել, ինչպես պետք է: Այս հարթակը ոչ թե դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հնարավորինս խորը հասկանալու»,-նշեց Նիկոլ Փաշինյանը: