Առևտրի իրականացման վայրերում անձանց միաժամանակ ներկայության քանակի սահմանափակում է դրվել․ պարետի որոշում

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ապրիլի 22-ի N 51 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 31-ի N 27 որոշման մեջ։

Համաձայն այս որոշման․

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ, ՆՈՐ ՏԵՍԱԿԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ․

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են հետևյալ հիմնական կանոններով՝

1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:

3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:

4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:

5. Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

6. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

7. Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

8. Ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):

Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:

9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:

10. Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։

11. Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։

12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։

13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։

14. Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Աշխատանքի կազմակերպումը

1. Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:

2. Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։

Կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում գտնվող աշխատակիցների (65 և բարձր տարիքի անձինք, քրոնիկ շնչառական հիվանդություններ (ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (COPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ), սրտի քրոնիկ հիվանդություն (սրտի անբավարարություն), երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություններ (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած) և շաքարային դիաբետ ունեցող անձինք) աշխատանքը կազմակերպել բացառապես հեռավար եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել աշխատանքի չներկայանալը՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:

3. Առևտրի իրականացման վայրերում և/կամ առևտրի օբյեկտներում՝

1) բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.

2) վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն.

3) յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:

4. Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, այդ թվում՝

1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։

9) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել