Օրավարձով աշխատողները՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ․ Միքայել Մելքումյանը փոփոխություններ է առաջարկում

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարել։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 272-րդ հոդվածի հավելված 3-ով սահմանված են գործունեության այն տեսակները, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:

Պատգամավորը նշում է, որ օրավարձով աշխատող մեր հայրենակիցները, որոնք սահմանված կարգով գրանցված չեն որպես վարձու աշխատող, չեն կարող նույնականացվել պետության կողմից, հետևաբար նրանց իրավունքները չեն կարող պաշտպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Բացի այդ չգրանցված վարձու աշխատողների աշխատանքային ստաժը չի կարող հաշվի առնվել կենսաթոշակի հաշվարկման ժամանակ:

Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման եւ մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:

Նախագծի ընդունումից հետո ցանկն այսպիսի տեսք կունենա։

Ցանկգործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից

Գործունեության տեսակները
1. Բնակչության պատվերով կատարվող`
1) կոշիկի եւ կաշվե գալանտերեայի եւ համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի եւ կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի եւ կաշվե արտադրատեսակների նորոգում
2) հագուստի արտադրություն եւ նորոգում
3) գլխարկների արտադրություն եւ նորոգում
4) գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների արտադրություն եւ նորոգում
5) փայտյա իրերի պատրաստում, կահույքի եւ տան կահավորանքի նորոգում
6) ոչ թանկարժեք զարդերի արտադրություն եւ նորոգում
7) համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների եւ այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
8) հեծանիվների եւ հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման եւ կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
9) տնտեսական եւ գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
10) այլ ճենապակե եւ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
11) թիթեղագործական գործունեություն
12) ներտնային վերանորոգման աշխատանքների իրականացում
13) ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջեռուցման համակարգերի վերանորոգում եւ մոնտաժ
14) բանալիների` այդ թվում էլեկտրոնային, պատրաստում եւ վերանորոգում
15) մատնահարդարի եւ վարսահարդարի ներտնային ծառայություն
16) Էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ եւ սպասարկում
17) երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում եւ սպասարկում
18) ներտնային մաքրման ծառայություն
19) մեծահասակների եւ երեխաների համար դայակի ներտնային ծառայություն
2. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում
3. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
4. Լեզուների ուսուցման դասընթացներ
5. Բարձրագույն եւ այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
6. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
7. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
8. Ստեղծագործական գործունեություն
9. Խնջույքավարների գործունեություն
10. Կրթական գործունեություն եւ արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության եւ սպորտի բնագավառում
11. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
12. Դարբնոցային գործունեություն
13. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում (այդ թվում` այդ ծառայությունների հետ անմիջականորեն կապված` հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեությունը)

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել