Փաստաբանի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը պետք է անհամեմատ ավելի լայն լինի․ պատգամավորները նախագիծ են ներկայացրել

ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նիկոլայ Բաղդասարյանը առաջարկում են քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել։

Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման կարեւոր երաշխիք է նաեւ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող վարքագծի քրեականացումը: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի առաջին մասը հանցագործություն է համարում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը:

Նկարագրված նորմով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու սուբյեկտ կարող է լինել միայն պաշտոնատար անձը:

Հեղինակները կարշում են, որ այսպիսի կարգավորումը սահմանում է սուբյեկտային առումով քրեաիրավական ազդեցության նեղ շրջանակ: Փաստաբանի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը պետք է անհամեմատ ավելի լայն լինի: Առկա օրենսդրական կարգավորումը չի ընդգրկում այն իրավիճակները, երբ, օրինակ, ոչ թե պաշտոնատար անձն է ուղղակիորեն խոչընդոտում փաստաբանի աշխատանքը, այլ պաշտոնատար անձ չհանդիսացող անձինք` վերջիններիս դրդմամբ կամ հրահրմամբ:

«Ուստի, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ պաշտոնատար անձից բացի կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, ով խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությանը:

Խնդրահարույց է նաեւ 3323 -րդ հոդվածով նախատեսված սանկցիան: Այսպես, նշված հոդվածով պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Գործունեության պատշաճ իրացման համար սահմանված պաշտպանության մակարդակի տեսանկյունից, օրինակ, կարելի է առանձնացնել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որտեղ ոչ միայն ավելի լայն է լրագրողի գործունեությունը խոչընդոտող սուբյեկտների շարքը, այլեւ առանձնացված է պաշտոնատար անձին իր պաշտոնեական դիրքն օգտագործելով պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, որի համար նախատեսված է անհամեմատ խիստ սանկցիա եւ պատժվում է` տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Դրա հետ մեկտեղ, սուբյեկտների ավելի լայն շարք, ինչպես նաեւ ազատազրկման ձեւով (մինչեւ 10 տարի ժամկետով` պայմանավորված հանցակազմի ծանրության աստիճանով) պատիժ է նախատեսված նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածով` պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելու դեպքերում:

Ուստի, փաստաբանների կողմից իրենց գործունեության պատշաճ իրականացման համար եւս առկա է անհրաժեշտություն վերը նշված մակարդակի պաշտպանություն ապահովելու համար:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում առկա են կարգավորումներ, որոնք պատասխանատվություն են նախատեսում քրեական գործով վարույթի մասնակիցների, այդ թվում` փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու համար` առանց սուբյեկտների շրջանակի սահմանափակման:

Այսպես, Սերբիայի քրեական օրենսգրքի արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ 336-րդ «բ» հոդվածի համաձայն` հանցանք կատարելու, ուժի, սապառնալիքի կիրառմամբ կամ այլ կերպ դատավորի, դատախազի, դատախազի տեղակալի կամ փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ դրանք կանխելը պատժվում է ազատազրկմամբ` 6 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով եւ տուգանքով:

Փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ առավել ընդհանրական ձեւակերպում պարունակող հանցակազմեր են նախատեսված, օրինակ, Ղազախստանի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի` փաստաբանի, ինչպես նաեւ քրեական վարույթի ընթացքում անձի եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը պաշտպանող այլ անձանց օրինական գործունեությանը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական օգնության մատուցմանը կամ նման գործունեության ինքնուրույնությանը եւ անկախությանը խոչընդոտելը, եթե այդ գործունեությունն էական վնաս է պատճառել անձանց եւ քաղաքացիների իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին, իրավաբանական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, պետության եւ հասարակության օրենքով պահպանվող շահերին, պատժվում է` տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչեւ 2 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ:

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի` նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնական դիրքի չարաշահմամբ` պատժվում է` տուգանքով, տուգանքի չափով ուղղիչ աշխատանքներով, մինչեւ 3 տարի ազատության սահմանափակումով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»,-նշված է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել