Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով նախատեսվում է ապրիլի 1-ից ժամը 23։59-ից կիրառել նոր փոփոխություն, որի համաձայն՝ գործատուն պարտավոր է աշխատակցին տրամադրել պարետի կողմից սահմանված նմուշի տեղեկանք։
Միայն նման տեղեկանքի և քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի առկայության պայմաններում քաղաքացին իրավունք կունենա գնալ աշխատանքի վայր և վերադառնալ տուն։
Սահմանափակումը կտևի մինչև ապրիլի 12-ը ժամը 23։59-ը։
«Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացրել ենք արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`
- Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:
- Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:
- Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:
- Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
- Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
- Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։
Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ https://www.gov.am/files/docs/3985.pdf
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները, քանի որ ցանկանում ենք, որ ժամանակ ունենաք ադապտացվելու համար:
Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,-այս մասին հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Որոշման մեջ նշված է նաև, որ հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև ապրիլի 1-ը 14։00-ն կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։