Մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, կենսաթոշակառուները ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ. Բաբկեն Թունյան

Աժ պատգամավոր Բաբկեն Թունյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։

Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5…

Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։
Բայց քայլ առաջ է, որը մի քանի տարի չէր արվել։ Եվ այս պրոցեսը շարունակվելու է։ Թոշակները ամեն տարի բարձրացվելու են՝ տնտեսական աճին զուգահեռ»,-գրել է նա։

Նշենք, որ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից`

  • նվազագույն կենսաթոշակի չափը դարձել է 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),
  • աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափերը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),
  • աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),
  • զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ (1500 դրամ).
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն)

երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն)

երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)

  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Բարձրացվել է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով  26500 դրամ (25500 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել