Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը

Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։

«Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը»,-նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Չեխիայի Հանրապետությունը կարող է արտահանձնել ՀՀ 3-րդ նախգահի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին։ Պրահայի քաղաքային դատարանը նման որոշում կայացրել է: Այս մասին լրագրողներին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է Visegradgroup.eu-ն:

Արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Չեխիայի արդարադատության նախարար Մարիա Բենեշովան:

Հիշեցնենք, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել