Թող դատարկ-դատարկ չխոսեն․ Ծառուկյանը անդրադարձել է Աբու Դաբիի թագաժառանգի վերաբերյալ լուրերին

Սխալ բան չեմ ասել, իրականությունն եմ ներկայացրել։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի վերաբերյալ իր հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է: Քաղաքապետարանից սակայն հերքում են, որ եղելությունը դա է եղել։

«Ուզում են հարգելի քաղաքապետին ասել, որ ինքը պատկերացնի, որ քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենք է, այլ հիշի քարոզարշավի ժամանակ իր խոստումները երևանցիներին և դա աշխատի կատարել։ Ծառուկյանը ամեն ինչ տիրապետում ա, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում ա իրականապես»,-նշեց Ծառուկյանը և լրագրողներին ներկայացրեց մի փաստաթուղթ, որի վրա, իր պնդմամբ, Հայկ Մարությանի ստորագրությունն է և հյուրանոցի վերաբերյալ տվյալներ։ Փաստաթուղթը թվագրված էր 2019 թվականի ապրիլի 18-ին։

Ծառուկյանը անդրադարձավ նաև «Իմ քայլի» պատգամավորների այն պնդմանը, թե շեյխը Հայաստան չի եկել․

«Թող դատարկ-դատարկ չխոսեն, թող աէրոպորտում նայեն,  շեյխը ապրիլի 26-ին, 18 հոգով իր ինքնաթիռով եկել է։ Էդ մարդն էլ ասում է, որ հանդիպումից մենք զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ ենք իր մոտ»,-նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ Հայկ Մարությանը վերջինիս ասել է, թող ինքը գնա ու տարածք փնտրի հյուրանոցի համար։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Հայկ Մարությանն անդրադարձել է այս թեմային։

«Այո, հանդիպումը եղել է: Ուզում եմ ասել, որ պարոն Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ այդպիսի հայտարարություններ է անում և դրանց հետևը փաստեր չկան: Ինձ զանգեցին, ասացին, որ հանդիպենք, մենք համաձայնեցինք: Քննարկումը եղավ շատ պրոդուկտիվ, իրենք առաջարկում էին կառուցել հիվանդանոց և հյուրանոց: Հիվանդանոցը, որ պետք է իբր բարեգործական լինի, բացարձակ այդպիսի խոսակցություն չի եղել՝ զուտ բիզնես: Նրանք շեշտը դնում էին կենտրոնի վրա: Մենք իրենց բացատրեցինք, որ մեր կենտրոնը գերհագեցած է և գրեթե տեղ էլ չկա»,- ասել է Մարությանը:

Նրա խոսքով՝ թագաժառանգին առաջարկվել է կենտրոնից դուրս տարածք, առաջարկվել են նաև հավելյալ այլ ծրագրեր:

«Իրենք էլ համաձայնում են և հետաքրքիրն այն է, որ հանդիպման այդ հատվածում իրենց հեռախոսներին սկսեց զանգեր գալ, վերցնում անկաշկանդ խոսում ու դնում էին: Այդպես երեք զանգ. ես և պարոն Մեսչյանը համբերատար սպասում էինք, մինչև իրենք խոսում վերջացնում էին, հետո շարունակում էինք: Ես մի պահի հասկացա, որ գուցե նրանց էլ հետաքրքիր չէ, և գուցե մարդիկ տեղ են շտապում, ասացի որ հանդիպումը կարող ենք ավարտել, գուցե իրենք էլ ինչ-որ տեղ են շտապում՝ նշելով, որ կսպասենք իրենց արձագանքներին և կպատասխանենք իրենց բոլոր հարցերին: Մինչ օրս ոչ մի գրավոր, բանավոր դիմում, ոչ մի բան չի եղել: Մինչ օրս սպասում ենք և պատրաստակամ ենք անելու ամեն ինչ»,- ընդգծել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել