Ի՞նչ կենսագրություն ունի 7 տարվա ազատազրկման դատապարտված դատավոր Գագիկ Հեբոյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, նոյեմբերի 20-ին հրապարակեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանը գործով դատավճիռը։ Նա դատապարտվեց 7 տարվա, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը` 2 տարվա ազատազրկման։

«Դատարանը վճռեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի, քան 1 միլիոն 714 հազար 160 դրամը, որը պետք է կրի Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում` պատժի սկիզբը որոշելով 2019 թվականի մարտի 28-ը»,-նշված է դատավճռի եզրափակիչ մասում։

Դատավճիռը ուժի մեջ կմտնի 1 ամիս անց։

 Իրավաբան․net-ը ներկյաացնում է դատավորի կենսագրությունը:

Գագիկ Հեբոյանը ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել