Արայիկ Հարությունյանը արձագանքել է Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին

«Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Դրախտիկի դպրոցի վերաբերյալ տարածվող հրապարակումներին․

«Սիրելի հայրենակիցներ, ֆեյսբուքում այս ժամերին տարածվում են Դրախտիկի դպրոցի վիճակի սարսափելի լուսանկարները: Ես գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:

Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:

Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել