Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 1-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադարձավ 2020 թվականի սոցիալական ոլորտի հատկացումներին և ավելացումներին.
Նախարարի խոսքով, տրամաբանական չէր լինի, եթե նա գոհ լիներ այդ գումարից, քանի որ սոցիալական ոլորտին գումարը միշտ քիչ է.
«Այս տարի բյուջեից շուրջ 48 միլիարդ դրամով շատ է հատկացվել սոցիալական ոլորտին: Այս հատկացված գումարների շրջանակներում ավելի արդյունավետ կիրականացնենք մեր ծրագրերը: Այդ ավելացումների մեծ մասը ուղղված է կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինով 10 տոկոս, ժողովրդագրական ծրագրերի իրականացմանը՝ առաջին, երկրոդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ աջակցությանը, մինչև 2 տարեկան երեխաների խնամքին ուղղված աջակցությանը: Ինչպես նաև, մենք մի քանի նոր ծրագրեր ենք իրականացնելու, որոնք վերաբերելու են հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցմանը, կանանց, ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար ապաստարանների ծառայությունների տրամադրմանը»,-նշեց Զարուհի Բաթոյանը:
Նախարարի խոսքով, նրանք փորձել են իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք նախկինում եղել են ավելի արդյունավետ դարձնել:
Նա պատասխանեց նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված հարցերին: Նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ եթե կոնվենցիան ստորագրվում է, կոնվենցիան պետք է նաև վավերացվի: «Դա միջազգային պարտավորություն է ինչպես բոլոր մյուս կոնվենցիաների դեպքում, այնպես էլ այս կոնվենցիայի դեպքում (Ստամբուլյան կոնվենցիա): ՀՀ կառավարությունը ստանձնել է մարդու իրավունքների հանդեպ իր պատրաստակամությունը, ստորագրել են, և հիմա պետք է վավերացնի»,- նշեց Զարուհի Բաթոյանը:
Իսկ ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հասարակությունում առաջացող դժգոհություններին, կոնվենցիան ապապետական որակելու հարցին՝ նախարարը նշեց, որ չի կարող մեկնաբանել: