Ազգային ժողոցի Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ եթե կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից՝ հեռահար եղանակով (առանց բանկ ներկայանալու)՝ Կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ նպատակը կենսաթոշակառուների ողջ լինելու փաստը հաստատելն է: Քանի որ առկա են ռիսկեր կենսաթոշակառուի Հանրապետությունից գնալու և մահվան հանգամանքը ուշ պարզելու հետ կապված: Միևնույն ժամանակ, առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները և նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ:
Առաջարկվում է կառավարության համար սահմանել եռամսյա ժամկետ՝ գործընթացն ամբողջությամբ սահմանելու համար, մասնավորապես՝ հստակեցնելու այն անձանց ցանկը և կարգավիճակը, ովքեր իրավունք ունեն օգտվելու բանկի հեռահար ծառայությունից և այլ էական հանգամանքներ:
Պատգամավոր Մանե Թանդիլյանն այս մասին նշում է. «Թեև պահանջը դեռևս կարելի է համարել արդարացված, սակայն առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Հաճախ էլ այդ պահանջի կատարման համար կենսաթոշակառուները եւ նրանց ընտանիքներն ունենում են բարդ խնդիրներ»: