Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է շահութահարկ վճարողների համար եկամուտ չհամարել կառավարության լիազորած մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն՝ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական, այսուհետ նաև իրավաբանական անձանց նկատմամբ ձևավորված և մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն անհուսալի ճանաչված ակտիվների և ակտիվների մասով մինչև դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված և նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ անձին ներված տոկոսների, տույժերի և տուգանքների գումարները:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ: Հնարավորություն կլինի կարգավորել համակարգի վարկերի մինչև 10%-ի չափով պարտավորությունները, ինչը նշանակում է, որ շահառու կարող են հանդիսանալ ավելի, քան 100.000 վարկառուներ:
Կիրառվող հնարավորության արդյունքում մասնակի ներման կամ զիջման դեպքում, եթե մարվի առկա պարտավորությունների առնվազն 10%-ը, բանկերի կողմից վճարվող լրացուցիչ շահութահարկը կկազմի մոտ 10 մլրդ հայկական դրամ:
Առաջարկվում է հնարավորությունը կիրառել մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ անհուսալի վարկերի վրա, ինչը ենթադրում է առնվազն 2019թ. ապրիլին այդ վարկերի ժամկետանց դառնալու փաստը: