Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձ ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված 1963, 1966 և 1974 թվականներին:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նախաքննությունը շարունակվում է::

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները: Քննչական կոմիտեի տվյալներով, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ:

Պայթուցիկ նյութը պայթել է, երբ ճանապարհահատվածով անցնելիս են եղել ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաները: Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն (սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաև 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել