Հանրաքվեն (համաժողովրդական քվեարկությունը) ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:
Հանրաքվե անցկացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Իսկ ինչպե՞ս է իրականացվում քվեարկությունը հանրաքվեի միջոցով:
Նախ` քվեաթերթիկի, քվեատուփի, հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական հանձնաժողովը: Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է մեկ քվեաթերթիկ:
Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու դեպքում քաղաքացիներին տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ: Քվեաթերթիկները պետք է ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:
Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական հանձնաժողովը:
Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Բացի այդ, քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում քվեարկության մասնակիցների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:
Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկությունից ոչ շուտ, քան ինը և ոչ ուշ, քան երեք օր առաջ:
Հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական հանձնաժողովի պատվերով` այդ հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
Կնիքները հանձնաժողովներին հանձնելու և վերադարձնելու կարգը սահմանվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով:
Քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովի կնիքը վերադարձվում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով տեղամասային հանձնաժողովների կնիքները վերադարձնում է կենտրոնական հանձնաժողով:
Հանրաքվեի քվեաթերթիկները հանձնաժողովներին հանձնվում են օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net