Հայաստանի Հանրապետության մուտքի վիզան (այսուհետ` մուտքի վիզա)` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվությունն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում:
Մուտքի վիզաները տրվում են ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, և մեկանգամյա մուտքի համար, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Մուտքի վիզաները տրվում են անհատական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային:
ՀՀ կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա: Այդ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաև միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված չափով:
Մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը և խմբակային մուտքի վիզաների տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 04.10.2007 թ. N 1268-Ն որոշմամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net