ԼՂ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյան դատարանում են՝ անձամբ երաշխավորելու ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարքագիծը:
Արցախի նախագահները դահլիճ մտնելուց հետո ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ ու նստեցին նրա կողքին, որտեղ ավելի վաղ նստած էին Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը:
Դատավորը պարզաբանեց վերջիններիս իրենց իրավունքները և պարտականությունները:
Երաշխավորության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վաստակը հայկական երկու հանրապետությունների կայացման հարցում, նրա հսկայական ավանդը Արցախյան պատերազմում և հայոց բանակաշինության մեջ, երաշխավորում ենք՝ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք: Երաշխավորում ենք ազատության պայմաններում դատավարության ողջ ընթացքում նրա ներկայանալը դատարան և դատավարական պարտականությունների կատարումը, ուստի խնդրում ենք՝ կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով»,֊ ասվում է երաշխավորության մեջ:
Նախագահները նշեցին, որ ամեն ինչ պարզ է, նրանք պնդեցին իրենց երաշխավորությունը և ստորագրեցին:
Քոչարյանը շարունակեց իր ելույթը՝ հորդորրելով Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին մնալ դատական նիստերի դահլիճում:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել՝ Ռոբերտ քոչարյանի խափնման միջոցը փոխելու համար: