Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:
Այս նախագծի ընդունման դեպքում վարչապետը որոշում կընդունի.
1.Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երկու ամիս ժամկետով` 2019 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
- ռազմական ունակությունների կատարելագործման,
- մասնագիտական վերապատրաստման,
- մասնագիտական պատրաստման,
- բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3.Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 451 քաղաքացիների, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4.Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
- մոտոհրաձգային մասնագիտություններով` 110 պահեստազորային` հունիսի 15-ից 24-ը ներառյալ,
- հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 18 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
- հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
- կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` մայիսի 15-ից 21-ը ներառյալ, 4 պահեստազորային` հունիսի 17-ից 26-ը ներառյալ,
- հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 13-ից 22-ը ներառյալ, 28 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,
- ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
- տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` հունիսի 3-ից 9-ը ներառյալ,
- թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,
- տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` հունիսի 13-ից 22-ը ներառյալ: