Պահեստազորի առաջին խմբում հաշվառված կազմերի պահեստազորայինների վարժական երկամսյա հավաքներ են նախատեսվում

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարժական հավաքներ անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  անհրա­ժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ  ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազո­րա­յին­ներով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստա­զորա­յին­ներով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Նախագծի ընդունումը կապահովի պահեստազորայինների վարժական հավաքների անցկացումը և խնդիրների կատարման համար մարտունակ ստորաբաժանումների ավելացումը:

Այս նախագծի ընդունման դեպքում վարչապետը որոշում կընդունի.

1.Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երկու ամիս ժամկետով` 2019 թվականի մայիսի 1-ից մինչև հունիսի 30-ը:

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

  1. ռազմական ունակությունների կատարելագործման,
  2. մասնագիտական վերապատրաստման,
  3. մասնագիտական պատրաստման,
  4. բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

3.Վարժական հավաքներին ներգրավվել ընդհանուր թվով 451 քաղաքացիների, որոնցից 375–ը` շարքային կազմի, 20-ը` ենթասպայական կազմի, 56-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4.Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են.

  1. մոտոհրաձգային մասնագիտություններով` 110 պահեստազորային` հունիսի 15-ից 24-ը ներառյալ,
  2. հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 81 պահեստազորային` մայիսի 10-ից 16-ը ներառյալ, 18 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
  3. հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 10 պահեստազորային`   հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
  4. կապի մասնագիտություններով` 70 պահեստազորային` մայիսի 15-ից 21-ը ներառյալ,  4 պահեստազորային` հունիսի 17-ից 26-ը ներառյալ,
  5. հետախուզական մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 13-ից 22-ը ներառյալ, 28 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,
  6. ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 44 պահեստազորային` հունիսի 17-ից 23-ը ներառյալ,
  7. տեխնիկական մասնագիտություններով` 40 պահեստազորային` հունիսի 3-ից 9-ը ներառյալ,
  8. թիկունքային մասնագիտություններով` 20 պահեստազորային` մայիսի 20-ից 29-ը ներառյալ,
  9. տեղագրական մասնագիտություններով` 6 պահեստազորային` հունիսի 13-ից 22-ը ներառյալ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել