Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ բանակցություն են վարում Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ՝ Իրանում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ նախատեսվում է Իրան ուղարկել նաև մեքենաներ, տեխնիկական միջոցներ և փրկարարներ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է բարեկամ երկրին օգնություն ցուցաբերելու կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագ կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքներն այդ ուղղությամբ:
Այնուհետև գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը: Այն կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, առկա նախիրների որակական բարեփոխմանը, դրանցում տոհմային և արտադրատնտեսական բարձր արժեք ունեցող կենդանիների գլխաքանակի և կենդանական ծագման արտադրանքի ծավալների ավելացմանը: Ըստ այդմ՝ տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչև 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Ծրագրի իրականացման արդյունքում՝ պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուրջ 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Հանրապետությունում տավարաբուծության զարգացումը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործել առկա արոտավայրերը և խոտհարքները, ինչը կնպաստի գյուղական ազգաբնակչության եկամուտների ավելացմանը։ Պետական աջակցության ենթակա ընդհանուր գլխաքանակի 90 տոկոսը տոհմային կովերի և երինջների պարագայում այդ տարիներին հանրապետությունում կարտադրվի ընդհանուր առմամբ շուրջ 25 մլրդ դրամ արժեքով կաթ և միս:Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ծրագրերի շրջանակում կառավարությունն իրականացնում է ոլորտի զարգացման համար խոստացված քայլերը: «Կարևոր եմ համարում, որ այս ծրագրերի շրջանակում մենք համակարգային լուծումների ենք գնում և շղթայի մի քանի օղակ ենք հաշվի առնում: Այսինքն և՛ կրթական մասը, և՛ տոհմային կենդանու ձեռքբերումը, և՛ հետագայում նաև էկոգոմի ստեղծման փուլում կառավարությունը և պետությունն օժանդակում են տնտեսվարողներին»,-նշել է փոխվարչապետը:
Կառավարությունը հաստատել է նաև ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը: Դրա նպատակն է խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի կամ ներդրված կապիտալի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար պետական աջակցություն տրամադրելու միջոցով: Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ. տարեկան շուրջ 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ Տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են 8 տարով, տարեկան 2 տոկոսով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0 տոկոս տոկոսադրույքով, կամ շահառուին կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցում այգու հիմնման փաստացի կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և կոոպերատիվներին՝ 50 տոկոսի չափով: Այգիների տարածքների շուրջ 100 հեկտարով ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։ Նոր հիմնված 100 հեկտար այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 տոկոս: Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ներկայացվող ծրագրով նախատեսվում է բացի ինտենսիվ այգու հիմնման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումից, տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում: