ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության մասին» օրինագիծը

Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագիծը:

Հիմնավորման մեջ նշված է, որ օրենքի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար  կարևորագույն պայման է` անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, 1 սանի հաշվարկով  ուսումնական հաստատության  նորմատիվային սկզբունքի կիրառումը:

<<Կրթության մատչելիության ապահովում>> ծրագրի շրջանակներում գերազանցապես այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, շուրջ 220 հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկվել են ավագ տարիքային խմբեր` 4515   նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկմամբ, ակնկալվում է տարեցտարի ընդլայնել համակազմի  թիվը:

2013-2014 ուտարվա վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գործում են համայնքային ենթակայության  647 մանկապարտեզ` 63430 երեխայի ընդգրկմամբ,կրթահամալիրների կազմում գործող և գերատեսչական ենթակայության` 9 մանկապարտեզ -673 երեխայի ընդգրկմամբ, ոչ պետական` 57 մանկապարտեզ 1950 երեխայի ընդգրկմամբ, ընդամենը հանրապետությունում` 71138 երեխա:

Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է և  ակնկալվում է համայնքային, ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ավելացում, ուստի անհրաժեշտություն է հիմնախնդիրների լուծման համար  կարևորություն ունեցող իրավական կարգավորման քաղաքականություն:

Միաժամանակ, որևէ փաստաթղթով կամ իրավական ակտով կարգավորված չեն հաշմանդամություն ունեցող և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի նախադպրացական ուսումնական հաստատություն ընդգրկման և հաստատությունում ուսուցման կազմակերպման մեխանիզմները:

Թեև Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման  քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների  ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, զարգացման, կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր:

  • Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները:
  • Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովումը:
  • Անհավասար իրավական դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև:

Նախագծում նշված է, որ նախադպրոցական կրթության ոլորտում առկա են հետևյալ խնդիրները.

  • Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովման խնդիրը:
  • Անհավասար իրավական դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև:
  • Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները հաստատություններում:

ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պայմանները խիստ տարբեր են.

  • երեխա-թվով ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են, մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը-արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում.
  • Հաստատությունների մանկավարժական անձնակազմի  աշխատանքի վարձատրությունների  չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում  շատ տարբեր է. բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող  խթանման ֆոնդի հնարավորությունները:

Այսպես, ըստ առաջին հատկանիշի գոյություն ունեն պետական, մունիցիպալ, գերատեսչական, հասարակական, մասնավոր, ընտանեկան, ինչպես նաև կրոնական նախադպրոցական հաստատություններ: Ընդ որում, եվրոպական երկրներում ամենատարածվածը մունիցիպալ հաստատություններն են, որտեղ հաճախում են երեխաների մոտ 90 տոկոսը: Նախադպրոցական կրթության կազմակերպման կոնկրետ ձևերն ավելի բազմազան են` կապված աշխատանքի ռեժիմի, կրթության բովանդակության, տեղաբաշխման վայրերի, սոցիալական ուղղվածության և այլ գործոնների հետ:

Օրինակ, ըստ աշխատանքի ռեժիմի եվրոպական երկրներում ամենատարածվածը ամբողջ օրով գործող հաստատություններն են: Բացի այդ, կան նաև կես օրով(կարճաժամկետ), երկարօրյա, սեզոնային (հատկապես գյուղական բնակավայրերում) և ճկուն աշխատանքային ժամերով աշխատող հաստատություններ: Նախադպրոցական կրթության կազմակերպման ավելի <ազգային> մոդելներ են կիրառվում Ճապոնիայում և Իսրայելում: Ընդ որում, Ճապոնիան աշխարհի այն առանձնահատուկ երկրներից է, որտեղ այդ ոլորտում գերակշռում են տղամարդ մասնագետները, և որոնց աշխատավարձը ավելի բարձր է մունիցիպալ ծառայողների աշխատավարձից: Նախադպրոցական ծառայություններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շատ ավելի բարձր է, քան ավելի փոքր տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը երեխայի խնամքի ծառայություններում:

ՏՀԶԿ կեսից ավելի երկրներում ներկայումս այդ տարիքի երեխաների ընդգրկվածությունը վաղ կրթության ոլորտում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվող <Կրթություն մեկ հայացքից> պարբերականի վերջին տվյալների, կազմում է 80 %  և ավելի: Ընդգրկվածության մակարդակը հատկապես  բարձր է Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ  պրակտիկորեն ապահովված է 3-5 տարեկանների համընդհանուր ընդգրկվածություն: Մյուս կողմից, սակայն, Կորեայում, Լեհաստանում, Թուրքիայում այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածության մակարդակը մոտ կամ ցածր է 40 տոկոսի սահմանից:

Ուշադրությունը վաղ տարիքի երեխաների խնամքի և զարգացման ոլորտում շարունակում է խիստ կենտրոնացված մնալ հատկապես նախադպրոցական կրթության վրա և մասնավորապես տարրական դպրոցին անմիջապես նախորդող տարիքի վրա: Եվրոպայում հիմնականում ընդունվել է նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման կոնցեպցիան:

Շատ երկրներ ապահովում են բոլոր երեխաների` նախքան տարրական դպրոցը առնվազն երկու տարի անվճար, պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական կրթության գնահատման հաշվետվությունների տվյալները տարբեր երկրներում հաճախ են արձանագրում 5 կամ 5-6 տարեկանների առավելագույն ընդգրվածություն, որը արդյունքն է այն բանի, որ այդ երկրներն իրենց կրթության պետական քաղաքականության  առաջնահերթություններում ներառում են երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստման նպատակային ծրագրեր:

Նախարարությունը նշել է, որ այսօր եվրոպական շատ երկրներ արդեն հասել են կամ մեծամասամբ մոտեցել են նախադպրոցական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին, ինչը ԱՄՆ-ն որպես թիրախ` սահմանել էր դեռևս 2000 թվականի համար:

Հիմնականում կրթության նախարարությունը տարբեր երկներում ապահովում է անվճար պետական մանկապարտեզներ կամ նմանատիպ կրթական ծրագրեր` առավելագույն թվով 5 տարեկան երեխաներ ընդգրկելու համար: Այսօր աշխարհի շատ երկրներում պետական նախադպրոցական կրթությունը դարձել է ավելի մատչելի, քան, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ պետական նախադպրոցական ծրագրերում ընդգրկված են 5 տարեկան երեխաների 66%-ը, 4 տարեկանների` 36%-ը և 3 տարեկանների` 14%-ը:

Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան, հասել են մեծ հաջողության պետական նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման հարցում: Այսօր Ֆրանսիայում 3-5 տարեկան երեխաները 100%-ով ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ և առավելապես պետական ծրագրերում:  Իտալիայում տեղական իշխանությունները 1950-ականներից սկսել են բացել նախադպրոցական հաստատություններ, և արդեն 1968 թվականից կառավարությունը հիմնադրել է անվճար նախադպրոցական հաստատություններ ըստ էության բոլոր երեխաների համար: Այսօր Իտալիայում 3-5 տարեկան երեխաների շուրջ 99%-ը ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում, առավելապես պետական ծրագրերում  /ՏՀԶԿ  կրթության տվյալների բազա- www. oecd.org/education/database ՏՀԶԿ  Ընտանեկան տվյալների բազա- www. oecd.org/els/social /family/database/

Վերջին տվյալներով ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:

Ներկայումս ԱՊՀ երկրներում նկատվում է նախադպրոցական կրթության նկատմամբ կառավարությունների ուշադրության և հոգածության աճ: Դրա վկայությունն է մի շարք երկրների (Բելառուս, ՈՒկրաինա, Հայաստան, Ղազախստան) կառավարությունների կողմից նախադպրոցական կրթության պետական ծրագրերի, ռազմավարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, որի նպատակը նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով դրա հետագա զարգացման ապահովումն է: Այս առումով, որպես լավագույն օրինակ է ծառայում Ղազախստանը, որտեղ վերջերս ընդունված «Ճուտիկ» պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը ապահովել նախադպրոցական կրթության 100 տոկոս ընդգրկվածոթյուն: Բացի այդ, երկրում գործում է նախադպրոցական կրթության պետական պատվերի ինստիտուտ (պետությունը վճարում է նախադպրոցական պարտադիր կրթության համար` անկախ հաստատության սեփականության ձևից), գործում է նախադպրոցական կրթության հաստատությունների լիցենզավորման պարզեցված կարգ և հարկային իրական բարենպաստ մեխանիզմ (ԱԱՀ-ից և կորպորատիվ եկամտահարկից ազատում, հողի հարկի և գույքահարկի գծով զգալի արտոնություններ:

Օրենքի կիրառման դեպքում նախարարությունը ակնկալում է, որ արդյունքում նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության  կանոնակարգման և զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում:

  • Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ամրագրում,
  • նախադպրոցական կրթության ոլորտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին,տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում.
  • Նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն:
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակում և ներդրում
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
  • երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների հիմքի ապահովում,
  • նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և մանկավարժական կադրերի վերապատրաստման, մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման,աշխատանքի որակի և վարձատրության խթանում, վերահսկողության համակարգի ապահովում,
  • Կրթական ծրագրերի տեսակների, երեխաների ընդունելության, տարիքային խմբերի դասակարգման, համալրման, ազգային փոքրամասնության և օտարերկրյա քաղաքաքացիների երեխաների կրթության կազմակերպման, ռեսուրսային կենտրոնների, ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերի իրավունքների և պարտականությունների սահմանում:
  • Նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում. 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն և 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
  • Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի հիման վրա գործող նախադպրոցական խմբերի գործունեության կանոնակարգում:
  • Հաստատությունում ձևավորվող տարիքային խմբերի անվանումների, երեխաների ընդունելության, համալրման, փաստաթղթերի ցանկի հստակեցման, նորմատիվների կանոնակարգման իրավական նորմերի սահմանում:
  • Կրթության համակարգում կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակների և ուղղվածության` այդ թվում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցման հաջորդականության սկզբունքի ապահովում: մասնավորապես խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար, համընդհանուր ներառական կրթության ապահովում:
  • Սույն օրենքի նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ և գյուղաբնակ բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:

Օրենքի նախագծում կարևորված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու և ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է ։

Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման),  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման (հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։

Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր ՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել