Սպանություն Տավուշում․ որդին կասկածվում է մորը կացնահարելու համար. ոստիկանություն

Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։

Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օ. Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո Օ. Սիմոնյանը մահացել է։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Կատարվածի հանգամանքները պարզելուց հետո քրեական հետախույզները մորը կացնահարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 61-ամյա Ս. Սիմոնյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են, ինչն էլ հանգուցալուծվել է սպանությամբ։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել և առգրավվել է։ Ս.Սիմոնյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել