Կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս. կառավարության զեկույց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այսօր կառավարությանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է հավանություն տալ կառավարության 2018թ. հունիսի 1-ի N581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցին և այն ներկայացնել Ազգային ժողով:

Զեկույցում, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնում նշվել է, որ Կառավարության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ աննախադեպ չափերի պայքար է ծավալվել։

Կառավարությունը վստահորեն արձանագրում  է, որ համակարգային կոռուպցիան երկրում վերացված է։

2018թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 քրեական գործ, որոնց շրջանակներում արձանագրվել է պետությանը պատճառած 66,9 մլրդ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել և փաստացի վճարվել է պետական բյուջե շուրջ 22,5 մլրդ. դրամ: Բացի այդ, նշված քրեական գործերի քննության ընթացքում մասնակից առանձին անձանց կողմից պետությանը կամավոր վճարվել է շուրջ 9,5 մլրդ. դրամին համարժեք գումար:

Խոշոր բիզնեսը զրկված է կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից: Հայաստանի Հանրապետության Կառավարությունում և Ազգային ժողովում գործարար պաշտոնյաների և պատգամավորների թիվը վերջին 20 տարվա համար հասել է նվազագույնի։

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներառում է հետևյալ բաժինները՝

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնական ուղենիշեր.
  2. Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում.
  3. Արտաքին և ներքին անվտանգության ապահովում (Զինված ուժեր, արտաքին քաղաքականություն, ներքին անվտանգություն).
  4. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարման, ֆինանսների և գնումների թափանցիկություն, իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն).
  5. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն, շրջակա միջավայր).
  6. Տնտեսության շարունակական զարգացում (տնտեսական մրցակցության ապահովում, պայքար մենաշնորհների դեմ, պայքար ստվերի դեմ, պետական եկամուտների ավելացում, տնտեսական զարգացման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում, տնտեսական զարգացման առաջնահերթություններ (բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն), տնտեսական այլ ուղղություններ).
  7. Հայաստան – սփյուռք կապեր:

Հարկ է նշել, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի նիստում զեկույցը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հետևյալ տարբերությամբ.

1) զեկույցը ներկայացնելու համար վարչապետին հատկացվում է մինչև մեկ ժամ.

2) հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի ներկայացմամբ՝ Կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են հարցեր տրվել.

3) եզրափակիչ ելույթի համար վարչապետին հատկացվում է մինչև 30 րոպե:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում, քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովում՝ առանց որևէ փաստաթղթի ընդունման.

2) երկամսյա ժամկետում, Խորհրդի սահմանած օրը քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել