Գյումրեցի կնոջ մահվան համար մեղադրվող ռուս զինվորականի թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել. նա հրաժարվել է նմուշ տրամադրելուց

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ներկայացուցիչներ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է:

Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը 2019թ. հունվարի 25-ին վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, նրա պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են:

Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, Վ. Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ:

Հավելենք, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է:

Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանը սպանվել էր դեկտեմբերի 2-ի լուսաբացին՝ աշխատանքի գնալու ժամանակ: Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում որպես հավաքարար, եւ վաղ լուսաբացին ավլում էր փողոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել