Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցումը

Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության դեպքում գրանցումը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները:
Անշարժ գույքի նոր հասցեներ տրամադրվելու կամ անշարժ գույքի հասցեների փոփոխության դեպքում գույքի իրավատիրոջ կամ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի ներկայացմամբ իրականացվում է անշարժ գույքի հասցեի գրանցում: Այն համարվում է տրամադրված կամ փոփոխված` գրանցման մատյանում նոր կամ փոփոխված հասցեն գրանցելու պահից: Անշարժ գույքի նոր հասցեի կամ հասցեի փոփոխության գրանցման հիմքով անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված իրավունք ունեցող անձանց դիմումով նրանց տրամադրվում է նոր գրանցման վկայական` հասցեի փոփոխության վերաբերյալ նշումով:
Գույքի իրավատերը կամ գրանցված իրավունք ունեցող սուբյեկտը կարող է ներկայանալ իր կողմից լրացված դիմումով, որտեղ պարտադիր նշվում են՝
• գույքի հասցեն կամ գտնվելու վայրը
• ֆիզիկական անձանց դեպքում` դիմողի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության հասցեն, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը),
• իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը,
• դիմումով ներկայացվող պահանջը,
• դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
• դիմումի ներկայացման ամսաթիվը,
• դիմումի կատարման ժամկետը (գրվում է տառերով և թվերով),
• դիմողի ստորագրությունը,
• սպասարկման գրասենյակը, որտեղ ներկայացվում է դիմումը:
Եթե նոր հասեցի կամ հասցեի փոփոխության գրանցումը իրականացվում է առանձին՝ առանց գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում իրականացնելու, ապա գանձվում է վճար՝ 2000 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել