«Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ ինքն այս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման». փաստաբան

Ինչպես արդեն հայտնել ենք վերաքննիչ քրեական դատարանը, Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 7-ին, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ամբողջությամբ մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները: ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ:

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավական առումով որոշումը «ոչինչ» է եղել:

«Որոշումը գնահատում եմ բացասական և համարում եմ, որ այս որոշման մեջ իրավաբանական կոմպոնենետը հավասար է զրոյի: Այս որոշումը 100 տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացրած»,-նշեց նա:

Փաստաբանի խոսքով, դատարանը որպես խափանման միջոց միջնորդված գրավն անթույլատրելի է ճանաչել:

«Դատական պրոցեսն ընթանում էր ամբողջությամբ հավասարության սկզբունքի հիման վրա: Դատավորն ընտրվել էր օրինական ճանապարհով՝ վիճակահանության միջոցով, ինչն էլ ես արձանագրել էի: Որոշումը, որը կայացվեց, բացարձակապես իրավաբանության հետ ոչ մի առնչություն չունեցող որոշում էր: Որևէ անաչառ իրավաբան եթե նայի այն, ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն 10 հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որպեսզի այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվեր»,-նշեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ փաստաբանական խումբը հերթական բողոքը կուղարկի Եվրոպական դատարան, դրան զուգահեռ էլ բողոք կներկայացվի վճռաբեկ դատարան:

«Պարոն Քոչարյանը հերթական անգամ համոզվեց, որ ինքն այս գործով ենթարկվում է քաղաքական հետապնդման: Մենք զրուցում էինք, քննարկում էինք դատարանի այս որոշումը, և նա արտահայտեց այն կարծիքը, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, այս գործով իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց փաստաբանը:

Նա նաև նշեց, որ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ լինելը դեռ հարց է, քանի որ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի վերջին: «Հուսամ այդ բողոքը մի օր կքննվի»,-հավելեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել