Մատչելի ձեռնարկ՝ հասարակական կազմակերպությունների գործունեության կարգավորումների վերաբերյալ

Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող 100 հարց ու պատասխան» հանրամատչելի ձեռնարկի հրապարակումը:

Ձեռնարկի հնարավորություն է տալիս բոլոր հասարակական կազմակերպություններին (ՀԿ) լինել իրազեկված իրենց գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներին:

Ձեռնարկի կազմման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք օրենսդրական կարգավորումների ոչ բավարար հստակությամբ շարադրված լինելու հանգամանքով, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:

Հիմնականում հարցերը վերաբերում են՝

*ՀԿ-ների գրանացմանը և կանոնադրության փոփոխությունների գրանցմանը՝ վերագրանցմանը,

*Իրավաբանական անձանց միությունների վերակազմակերպմանը հասարակական կազմակերպությունների,

*ՀԿ-ների կառավարմանն ու կառուցվածքին,

*ՀԿ-ների անդամներին, կամավորներին և շահառուներին վերաբերող հարցերին,

*Ո՞վ է հսկողություն իրականացնում ՀԿ-ների հանդեպ և ում են նրանք հաշվետու,

*ՀԿ-ների հարկման առանձնահատկությունների, ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող հարցերին:

Իրավաբանների հայկական ասոցիացիան ձեռնարկը կազմելիս նախապես ուսումնասիրել է ՀԿների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանցից առանձնացրել լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցողները և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ԿԱ պետական եկամուտների կոմիտեին և Արդարադատության նախարարություն:

Ձեռնարկում ներառված 100 հարցի պատասխանները կազմվել են այդ մարմինների կողմից ներկայացված լրացուցիչ պարզաբանումների հիման վրա՝ հիմք ընդունելով այս տարվա դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումները:

Ձեռնարկից օգտվելու մատչելիությունը երաշխավորելու համար հարցերը խմբավորվել են ըստ առանձին բաժինների՝ անդրադառնալով հասարակական կազմակերպության իրավական վիճակին վերաբերող հարցերին՝ ստեղծմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության հրապարակայնությանն ու հաշվետվողականությանը, վերակազմակերպմանն ու լուծարմանը, ինչպես նաև նրանց հարկման առանձնահատկություններին և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն վերաբերող հարցերին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Ձեռնարկը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել