ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ստացված հաղորդումներից 1-Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1 ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում:
Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 10-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձին, 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ստացված նյութերի համաձայն՝ քաղաքացի Ա.Լալայանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ 8/19 ընտրատեղամասում քաղաքացիները, «մեկը մյուսին հուշելով, քվեաթերթիկ ցույց տալով կողքինին, ընտրում են»:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղակայված թիվ 35/61 տեղամասում արձանագրված դեպքով՝ Մեղրի քաղաքի՝ 1960 թվականին ծնված բնակչուհին, ով հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, ընտրություն կատարելուց հետո փորձել է քվերակություն կատարելու գործում օգնել նույն դիսպանսերում հաշվառված քրոջը, սակայն սխալմամբ ներկայացրել է իր նույնականացման քարտը, որի հետևանքով գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ:
ՀՀ Արմավիրի մարզի քննչական վարչությունում ստացված հաղորդման համաձայն՝ քաղաքացին իր գործատուից ցուցում է ստացել կոնկրետ թեկնածուի օգտին կողմ քվեարկելու մասին, սակայն նրա ցուցումները չկատարելու պատճառով ազատվել է աշխատանքից:
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում, քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
Նշենք նաև, որ Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» վերանվանվել է «Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:
Վարչության ստեղծումը հնարավորություն է ընձեռում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: