ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 28-ին ընդունեց կրտսեր խմբի ոստիկանության 8 ծառայողների։ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին ներկայացնելով համակարգում հաստատված իրավիճակն ու գործունեության սկզբունքները` ընդգծեց, որ ոստիկանությունում այլևս չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը հնարավոր լինի ստանձնել քավոր-սանիկական, կամ խնամիական հարաբերություններով. առաջխաղացման միակ գրավականը մասնագիտական հմտություններն են, բարեխիղճ ու սրտացավ ծառայությունը։
Ընդունելությանը մասնակցող ոստիկանության ծառայողները, որոնք հենց աչքի էին ընկել պարտաճանաչ, բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ, ներկայացվել էին առաջխաղացման: Կրտսեր խմբից միջին խմբի անցնելու դեպքում ոստիկանության պետի հրամանով նրանք նաև առաջին սպայական ուսադիրներն են կրելու:
«Լեյտենանտի կոչումը հերթական սպայական կոչում չէ և ոստիկանության պետը պետք է անձամբ ստուգի ծառայողի պատրաստվածությունը, մասնագիտական գիտելիքները, իմանա` ում է սպայական կոչում շնորհում. եթե կրտսեր խմբի ծառայողը չի տիրապետում իր գործառութային պարտականություններին, ի՞նչպես կարող է սպա դառնալ»,-ներկաներին պազաբանեց ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը մանրամասն զրուցեց ծառայողների հետ, ստուգեց նրանց մասնագիտական գիտելիքները, ուսումնասիրեց անձնական գործերը: Ոմանք աչքի ընկան պատրաստվածությամբ, շատերի համար էլ սպայական ուսադիրներ կրելը դեռ վաղ էր:
«Փոփոխություններն ակնհայտ են, նման թափանցիկ աշխատաոճն, ինչ խոսք, ողջունելի է»,- ասում էին հասարակական խորհրդի անդամները:
Ընդունելության ավարտին ոստիկանության պետը կրկին հիշեցրեց, որ կադրային նշանակումներն այսուհետ լինելու են առանց զարտուղի ճանապարհների, անսքող ու անաչառ, ինչը մերօրյա ոստիկանության առանցքային սկզբունքներից է: