Գործադիրի որոշումներով մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվեն «Արթիկի ՓՀԿ» և «Էդգար փարթներս» ՍՊԸ-ները:
Այս մասին որոշում կառավարությունն ընդունեց այսօր՝ նոյեմբերի 29-ին:
«Արթիկի ՓՀԿ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։ Ներդրումային ծրագիրը իրականացվելու է Շիրակի մարզում. կկատարվի 6 015 421 290 ՀՀ դրամի ներդրում, կստեղծվի 112 նոր աշխատատեղ՝ 180 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 1,650,000,000 դրամ, որից 1,450,000,000 դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200,000,000 դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։
«Էդգար փարթներս»-ը մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է թղթե արտադրատեսակների արտադրության և տպագրության ոլորտում: 2016-2018թթ. ընթացքում արդեն իսկ իրականացվել է 384 500 000 դրամի ներդրում, իսկ մինչև 2020թ.-ի ավարտը նախատեսվում է իրականացնել մոտ 450 000 000 դրամի ներդրում: Արդեն իսկ ստեղծվել է 5 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 7-10 նոր աշխատատեղ՝ 80 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 950 000 000 դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: