ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջան է սահմանված յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 16-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ճանապարհների պահպանման պատասխանատու «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Գործում է նաև թեժ գիծ՝ (010) 56-25-33 հեռախոսահամարով:
Ճանապարհների ձմեռային պահպանումը ներառում է ճանապարհների ձնամաքրումը, ձմեռային սահողունակության, սառցակեղևների գոյացման դեմ պայքարը:
Մինչև ձմեռային պահպանման ժամանակաշրջանի մեկնարկը տեղերում ստուգվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը։ Գնահատման հիմնական չափորոշիչներ են՝ անհրաժեշտ նյութերի նախնական կուտակումը, մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակը և դրանք սպասարկող անձնակազմի անհրաժեշտ թվաքանակը:
Մեր երկրում ձմռանը ճանապարհներն անցանելի դարձնելու ամենահայտնի հակասառցապատող (կամ սահքականխիչ) և սառցակալումից պաշտպանող նյութը աղի և ավազի խառնուրդն է, որը խթանում է սառույցի և ձյան հալեցումը:
Ճանապարհը մաքրվում է ձյան տեղումից հետո, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է լինում: Դրան հաջորդում է աղով և ավազով մշակումը: Եթե ձյունը երկարատև է, ճանապարհը պարբերաբար մաքրվում և մշակվում է, որպեսզի ձյան շերտը 3-4 սմ-ից ավելի չլինի:
Սակայն, երբ ջերմաստիճանը նվազում է -7°C-ից, աղը կորցնում է իր հատկությունները և աղավազային խառնուրդը չի հալեցնում մշակված ձյան շերտը։ -7°C ջերմաստիճանից ցածր պայմաններում հիմնականում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ապահովում է ավտոմոբիլի անիվի կառչումը ճանապարհածածկից:
Առաջնորդվելով եղանակային կանխատեսումներով՝ կարելի է որոշակիորեն կանխել ճանապարհների սառցակալումը։ Սակայն, յուրաքանչյուր իրավիճակ լինում է տարբեր։ Հնարավոր է ձյան տեղումները կանխատեսել մինչ տեղալը, սակայն հնարավոր չէ կանխատեսել ձյան քանակը և հատկանիշները։ Ուստի, շատ ցուրտ եղանակի դեպքում ճանապարհի սառցակալումը նախապես կանխելը հիմնականում հնարավոր չէ, քանի որ ճանապարհը ձյան շերտից մաքրելուց, աղավազային խառնուրդով մշակելուց հետո որոշ ժամանակ է պետք, որ երթևեկության ընթացքում ձյան շերտը հալվի:
Նույնը մերկասառույցի դեպքում նախապես մշակումը չի օգնում, քանի որ մերկասառույցի առաջացման դեպքում նույնպես ժամանակ է հարկավոր հալվելու համար:
Բքի ժամանակ ճանապարհի մաքրումը և մշակումն անարդյունավետ և անիմաստ է: