Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է հրապարակվել, որով սահմավում է դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը: Նախագիծը լրամշակվել է:

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է կառավարությունը:

Նախագիծը մշակող մարմինը նշում է, որ վերոհիշյալը վկայում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրա­մադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

«Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով

1) սահմանվել է, որ դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են Ոստիկանության կողմից,

2) ամրագրվել է, որ դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է Ոստիկանությունը,

3) նախատեսվել է, որ դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա,

4) սահմանվել է, որ դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը,

5) նախատեսվել է, որ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է Ոստիկանություն,

6) ամրագրվել է պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ընթացակարգ:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել