Նոր նախագծով ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և ԱՁ-ներին կարգելվի զբաղվել սամանված ապրանքատեսակների մանրածախ առևտրով

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը օրենսդրական նոր նախագիծ է ներկայացրել, որի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝  մեծածախ վաճառողների սահմանափակմանը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը:

Միաժամանակ, սպառողների շահերի պաշտպանության նպատակով Նախագծում ներառվել են նաև դրույթներ, համաձայն որոնց Վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։ Վերոգրյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ  հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։ Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները։

     Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով սահմանվում է, որ․

  • ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկում ներառված ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է զբաղվել նշված ապրանքատեսակների մանրածախ առևտրով՝ այն պարագայում, երբ տվյալ ապրանքատեսակները ներմուծվել կամ արտադրվել են նրանց կողմից։
  • նշված ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  • Առևտրային ցանցերին արգելվում է տեղական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը չընդունելը։
  • Վաճառողը սպառողին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելուպայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ նշված անվանացանկը։
  • Վերոնշյալ տեղեկատվությունը և անվանացանկը փակցնելուն ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարության աշխատակազմը։
  • Սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ վերոգրյալ դրույթները խախտելու համար,
  • ապրանքների մեծածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից նշված ապրանքատեսակների մանրածախ առևտուր իրականացնելու, առևտրային ցանցերի կողմից տեղական արտադրողների արտադրած և ՀՀ կառավարության կողմից սահմանված ապրանքների ցանկում ներառված պատշաճ որակի ապրանքը իրացնելու նպատակով չընդունելու կամ իրացումը չկազմակերպելու վերաբերյալ գործերի ենթակայությունը տրամադրվում է հարկային մարմնին, իսկ պաշտոնատար անձի կողմից սպառողներին տեսանելի վայրում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանվածսպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը չհրապարակելու, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկում առկա ապրանք(ներ) վաճառելու դեպքում՝ անվանացանկ չփակցնելու վերաբերյալ գործերի ենթակայությունը տրամադրվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել