Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
- Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի (1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված) անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ինց հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:
2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Միաժամանակ, մինչդեռ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռևս ավարտված չէ: Հայտարարված մրցույթի իրականացման և հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռևս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, ուստի նպատակահարմար է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել: Այն թույլ կտա առանց խոչընդոտների ապահովել մրցույթի կայացումից հետո նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր բլանկների ձեռքբերման, համակարգի ամբողջական գործարկման և լիարժեք սպասարկման աշխատանքները։
2.Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացված օրինագծերով «ՀՀ քաղաքացի անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվում է կատարել փոփոխություններ նպատակ ունենալով ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը:
Փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք շահագործումը իրականացնել ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիր մինչև 2021 թվականի հունվարի 1-ը՝ մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի շահագործումը նոր մատակարար ընկերության կողմից լիարժեք իրականացնելը ապահովելով ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը: