Եթե նախկինում Վերահսկիչ պալատը կազմված էր նախագահից, տեղակալից, խորհուրդից, ապա Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից և 6 անդամից

Ինչպես հայտնի է 2018 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքը, որը ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին:

Հաշվեքննիչ պալատը փոխարինում է Վերահսկիչ պալատին։ Եթե նախկինում Վերահսկիչ պալատին տրված էր վերահսկողական մանդատ, ապա Հաշվեքննիչ պալատը ստանձնեց արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատ, որը պետք է համահունչ լինի INTOSAI կողմից ընդունված ստանդրատներին՝ ISSAI-ներին:

Նոր սահմանադրական փոփոխություններն էլ ավելի բարձրացրին Պալատի անկախությունը. եթե նախկինում Ազգային ժողովը հաստատում էր Պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա նոր օրենքով` գործունեության տարեկան ծրագիրը հաստատվում է ՀՊ-ի կողմից: Այսուհետև Հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, 6 տարի ժամկետով:

Եթե նախկինում Վերահսկիչ պալատը կազմված էր նախագահից, տեղակալից, խորհուրդից, ապա Հաշվեքննիչ պալատը կազմված է նախագահից և 6 անդամից:

Գործառութային իրավասությունների բարձրացման առումով հատկանշական էր օրենքով հաշվեքննության օբյեկտներին պատկանող պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցներին, ստացված փոխառություններին ու վարկերին, պետական և համայնքային սեփականության օգտագործմանն առնչվող էլեկտրոնային շտեմարանների առցանց հասանելիության պահանջը:

Առաջին անգամ օրենքում ամրագրվեցին մասնագիտական այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են՝ գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությունը, էթիկայի կանոնները, ինչպես նաև որակի կառավարման համակարգի գործառույթի մեթոդաբանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել