Օգոստոսի 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը։ Գործողություններին մասնակցել են նաև դիմակավորված հատուկ ջոկատայիններ:
Կան տեղեկություններ, որ հարուցվել է քրեական գործ 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու համար, սակայն ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ծանուցում չի ստացել։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ, այդ թվում` հարկային մարմինների հետ համագործակցության հարցերում: Ընկերությունն աշխատում է հայաստանյան օրենսդրությանը համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումներն ու մտադիր է երկրի իրավապահ մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Մեր այն հարցին, թե արդյո՞ք կարող է այս դեպքը կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ երեկ երեկոյան «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, պատասխանեցին, որ հավանաբար կապ ունի: