Առաջարկվում է սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը հանձնելու կարգը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է սահմանել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը հանձնելու կարգը։

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ

  1. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի:
  2. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում նվերի հանձնում է համարվում նվերի համարժեք գումարի փոխանցումը:
  3. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա:
  4. Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի համարժեք գումարը ստանալուց հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն նվերի շուկայական գինը որոշելու նպատակով պատվիրում է փորձաքննություն: Նվերի շուկայական գինը որոշվում է դատավորի կողմից նվերը ստանալու օրվա դրությամբ:
  5. Եթե փորձաքննության արդյունքով պարզվում է, որ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերի իրական արժեքը բարձր կամ ցածր է որպես համարժեք գումար փոխանցված գումարից, ապա Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին ծանուցում է դատավորին՝ կցելով փորձագետի եզրակացությունը:
  6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն և դատավորը հանձնման-ընդունման ակտի հիման վրա փոխանցում են գումարի տարբերությունը:
  7. Նվերի հանձնման պահից մեկշաբաթյա ժամկետում Պետական գույքի կառավարման կոմիտեն այդ մասին համապատասխանաբար տեղեկացնում է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին կամ Սահմանադրական դատարանին:
  8. Նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:                                                                                                                                                                                                                  Նախարարությունը նշում է, որ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել